Փաշինյանի համարձակ պնդումները….

Ռուսական «Կոմերսանտ»-ը երեկ ծավալուն հարցազրույց է ներկայացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ըստ էության՝ ամփոփելով նրա ու Ռուսաստանի նախագահի հանդիպման արդյունքները։ «Առաջին լրատվական»-ն անցած երկու օրերի ընթացքում համակողմանիորեն անդրադարձել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, վերլուծել դրա շատ ասպեկտներ։ Ուշագրավ է, որ առայժմ մեկնաբանություններ հնչել են բացառապես հայկական կողմից, իսկ պաշտոնական Մոսկվան որևէ կերպ չի մեկնաբանել հանդիպումը կամ դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Չկրկնվելու համար կանդրադառնանք «Կոմերսանտ»-ում տեղ գտած մեծածավալ հարցազրույցի այն դրվագներին, որոնց Նիկոլ Փաշինյանը չի անդրադարձել հայկական կամ ռուսական այլ ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում։

Հայաստանի վարչապետը պնդել է, որ հայ-ռուսական հարաբերությունները ադապտացիոն փուլում էին՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Փաշինյանն ասել է, որ այդ փուլն այլևս անցյալում է, ու մոտ ապագայում տեղի են ունենալու իր ու Վլադիմիր Պուտինի պաշտոնական փոխայցերը։ Մասնավորապես՝ վարչապետն ասել է, որ Պուտինը Հայաստան կժամանի այս տարվա վերջին կամ մյուս տարեսկզբին։

Այսպիսով՝ ի հեճուկս փորձագիտական գնահատականների, Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ու դրանցում ճգնաժամ գոյություն չունի։ Իհարկե, բնավ ցանկություն չունենք կասկածի տակ դնելու Փաշինյանի պնդումները, սակայն նույնիսկ այս հարցազրույցի ընթացքում նա խոսում է մի քանի սկզբունքային խնդիրների մասին, որոնց շուրջ Երևանն ու Մոսկվան այդպես էլ չեն հանգել համաձայնությունների կամ ընդհանուր լուծումների։

Օրինակ՝ նա քաղաքական ենթատեքստ չի տեսնում Ռոբերտ Քոչարյանին արված Պուտինի հեռախոսազանգի մեջ, սակայն առայժմ մենք լսել ենք Մարտի 1-ի բացահայտումների մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկու կոշտ հայտարարությունները, ու հրապարակային այլ առիթներ չկան, որպեսզի պնդենք Մոսկվայի դիրքորոշման մեղմացման մասին։ Միանշանակ դրական է այն փաստը, որ, դատելով հարցազրույցից ու Փաշինյանի շեշտադրումներից, Հայաստանի իշխանությունը հետևողական է լինելու Մարտի 1-ի բացահայտման հարցում՝ անկախ Մոսկվայի վերապահումներից ու դժգոհություններից։

«Մենք պայմանավորվել ենք, որ ռուսական զենքի մատակարարումները կշարունակվեն համակարգված կերպով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Պուտինի հետ նրա հանդիպման ընթացքում: Փաշինյանի ասելով՝ խոսքը վարկով մատակարարվող զենքի մասին է. «Կքննարկենք նաև այլ հնարավորություններ»,- նշել է նա:

Անշուշտ, սա կարևոր ձեռքբերում է, որովհետև հայ-ռուսական հարաբերությունների վերջին վատթարացումների համատեքստում նույն «Կոմերսանտ»-ը գրել էր, թե Մոսկվան դադարեցնելու է սպառազինության մատակարարումները Հայաստանին։ Փաստորեն՝ այս խնդիրը բարձր մակարդակով կարգավորված է՝ ի չիք դարձնելով առավել հոռետեսական կանխատեսումները։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել Ադրբեջանի ու Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մասին. ենթադրաբար Մոսկվայում առայժմ հակված չեն հաշվի նստելու իրենց ռազմավարական գործընկեր Հայաստանի վերապահումների հետ։

Շատ ավելի անորոշ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը պետք է լուծվի համագործակցության և դաշինքի մթնոլորտում՝ ասել է Փաշինյանը։ «Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի աշխատանքի համար կա ժամկետ: Այն չի սպառվել: Մենք ունենք առնվազն մեկուկես տարի: Կարևոր չէ՝ ինչ է գլխավոր քարտուղարի ազգանունը: Նա պետք է, ինչպես և նախատեսվում էր, լինի Հայաստանի ներկայացուցիչ ժամկետի ողջ ընթացքում»,- ասել է Փաշինյանը: Լրագրողի հարցին՝ արդյոք Վլադիմիր Պուտինը համաձայնե՞լ է Փաշինյանի կարծիքի հետ, Հայաստանի վարչապետն ասել է, որ կողմերը պայմանավորվել են, որ այդ հարցը քննարկելու են բոլոր գործընկերների հետ և փորձելու են փոխհամաձայնության հասնել: «Երբ մենք համաձայնության գանք այդ հարցով, այդ մասին կհայտարարենք»,- ասել է Փաշինյանը:

Այս պարագայում ևս խիստ կարևոր է Հայաստանի սկզբունքայնությունը, մյուս կողմից՝ Փաշինյանի այս մոտեցումը կարող է հայ-ռուսական հարաբերություններում հերթական ճգնաժամի պատճառ դառնալ։ Պուտինը, դատելով Փաշինյանի հարցազրույցից, նրան որևէ երաշխիք չի տվել, որ Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում շարունակվելու է՝ Յուրի Խաչատուրովին փոխարինելուց հետո։ Անկասկած Մոսկվան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը դարձնելու է սակարկության թեմա, մի կողմից՝ Ադրբեջանի լոբբինգն անող Բելառուսի ու Ղազախստանի, մյուս կողմից՝ Հայաստանի հետ հարաբերություններում։ Խիստ տեսական են հնարավորությունները, որ Հայաստանին կհաջողվի պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, մանավանդ, որ Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու գործընթացում թույլ են տրվել ընթացակարգային վրիպումներ, որոնցից շտապում է օգտվել անգամ Ռուսաստանը, էլ չենք խոսում Ղազախստանի կամ Բելառուսի մասին։ Ըստ ամենայնի՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահությունը կարող է պահպանել միայն Մոսկվային մեծ զիջում անելու գնով, ինչը, բնականաբար, ընդունելի չէ։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվեց այդպիսի զիջումներից, երբ նրա նախագահության շրջանում տևական ժամանակ ձգձգվում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնւմ Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը։

Հայաստանի առաջնորդը նաև հստակեցրել է, որ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ը պետք է օգնության գա Հայաստանին: «Եվ մենք պետք է մեխանիզմներ ստեղծենք, որ դա իրականում տեղի ունենա: Պայմանագրի իմաստը դա է: Սակայն պետք է մշակել մեխանիզմներ ու ստեղծել երաշխիքներ, որ իրականում տեղի կունենա այն, ինչ գրված է պայմանագրում: Մեզ համար դա շատ կարևոր հարց է»,- ասել է նա:

Փաշինյանի այս պնդմանը բովանդակային հարթության վրա հարկ կլինի անդրադառնալ թերևս միայն այն բանից հետո, երբ լուծված կլինի նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Ակնհայտ է, որ եթե Հայաստանին չհաջողվի գլխավոր քարտուղարի հարցը լուծել Փաշինյանի պատկերացրած սցենարով, նույնիսկ անիմաստ է խոսել դաշնակցային հարաբերությունների մասին։ Մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար ըստ էության ոչ թե դաշնակցային ֆորմատ է, այլ ընդամենը հայ-ռուսական հարաբերությունների հերթական հարթակ, որից դուրս այս կազմակերպության անդամ որևէ պետության հետ մեր երկիրը չունի նույնիսկ ընդհանուր օրակարգ։

Ի դեպ, նախօրեին Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը, խոսելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, Փաշինյանը ասել էր. «Ինչպես և նախկինում եմ ասել, ես Արցախը պատկերացնում եմ որպես Հայաստանի մի մաս, իսկ այդ ճանապարհը կարող է բաղկացած չլինել մեկ քայլից, այն կարող է բաղկացած լինել երկու կամ երեք քայլից, բայց ապագայի մեր տեսլականը միանշանակ դա է: Եվ այստեղ որևէ կասկած չի կարող լինել»:

Փաշինյանի այս հայտարարությունը որոշակիորեն դուրս է դիվանագիտական ստանդարտից ու նաև Երևանի պաշտոնական կուրսից. պատահական չէ, որ դրան անմիջապես հետևել է Բաքվի կոշտ արձագանքը։

«Այդ պնդումները հարվածում են բանակցյաին գործընթացին»,– հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը։ «Հայաստանի ղեկավարությունը նպատակաուղղված կամ չգիտակցելով իրավիճակի սրացման տանող հայտարարություն է անում Մինսկի խմբում համանախագահող երկրում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու Յորքում նախատեսված հանդիպումից առաջ: Եվս մեկ անգամ ուզում ենք ընդգծել, որ նմանօրինակ հայտարարությունները իրավիճակի սրացման ողջ պատասխանատվությունը դնում են Հայաստանի և նրա ղեկավարության վրա»,– նշել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Ամենևին կասկածի տակ չդնելով Փաշինյանի հայտարարության բովանդակությունը՝ նկատենք, որ դիվանագիտական հարաբերություններում էմոցիոնալ հայտարարությունները հետևանք են ԼՂ հարցում հայեցակարգային քաղաքականության բացակայության։                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Նյութը՝    Մեր Ինֆո

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *