«Հրապարակ» թերթում գրում է. Շտապ, գաղտնի տեղեկություն «Հոկտեմբերի 27»-ի գործով …..

Ի տարբերություն 1999թ․ հոկտեմբերի 27-ի ոճրագործների կամ ոճիրին այս կամ այլ կերպ առնչված, ապա կասկածելի հանգամանքներում վաղաժամ մահացած Նորայր Եղիազարյանի, Վռամ Գալստյանի, Համլետ Ստեփանյանի, Մուշեղ Մովսիսյանի, Տիգրան Նաղդալյանի (չհաշված բոլոր իմաստներով կես-մարդ Միսակ Մկրտչյանի և Սերոբ Տեր-Պողոսյանին)՝ Տիգրան Նազարյանը հասցրել է անել իր քայլը։ Այս մասին «Հրապարակ» թերթում գրում է Մարիամ Կոստանդյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27-ի» գործին։

«Բոլոր նրանց համար, ովքեր կասկածում են, որ «Հայլուրի» Տիգրան Նազարյանին հենց այնպես չէին աքսորել Ամերիկա, և հենց այնպես չէր, որ հետագայում խուսափում էին անգամ նրա ամերիկյան հեռախոսազանգերին պատասխանել, հիշեցնենք մի փաստ․ նախկինում թունդ ընդդիմադիր, ներկայում Սերժ Սարգսյանի մերձավոր Վիկտոր Դալլաքյանն այն ժամանակ իր ցուցմունքում գրել էր, թե «հեռախոսով Նաիրին ասաց․ «Տիկո, դե շուտ արեք եկեք, զենքերը բերեք, ժողովրդին էլ բերեք»»։ Նույնը նշել էին նաև այն ժամանակ պատգամավորներ Լևոն Սարգսյանն ու Գագիկ Մանուկյանը, վերջինս նշել էր նաև, որ Նաիրին, առաջինը զանգահարելով Տիկոյին, ասել էր․ «Սատկացրել եմ, ասեք՝ թող գան․․․»։

Ի վերջո, չմոռանանք նաև, որ Նաիրիի հայտնի թղթապանակի մեջ գտնվող և նրա կողմից կազմված «ՀՀ ժամանակավոր կառավարության» ցանկում Տիգրան Նազարյանը զբաղեցնում էր 2-րդ տեղը՝ Էդիկ Գրիգորյանից հետո․ Էդիկը պետք է «վարչապետ Նաիրիի կաբինետում» զբաղեցներ առողջապահության նախարարի աթոռը, իսկ Տիգրանը․․․ ճիշտ եք կռահում՝ բնական է, որ Տիգրանն էլ, որպես գործակալ, Ազգային անվտանգության պետի աթոռը պետք է ստանար։ Իսկ դա լրացուցիչ վկայում է այն մասին, որ Տիգրան Նազարյանը լուրջ դերակատարում է ունեցել «27»-ի գործում, և նրա մասին քիչ է ասել, թե նա կարևոր վկա էր։

Վերադառնալով կրկին Տիգրան Նազարյանի ասուլիսին, նորից ենք համոզվում, որ Ազգային անվտանգության նախկին գործակալ չի լինում։ Խոսքը նրա հեռախոսային ասուլիսի մասին է, որը կազմակերպել էր Լոս Անջելեսի հայկական հեռուստաընկերության «Վարագույր» հաղորդաշարը, ի դեպ, ՀԺԿ ամերիկյան գրասենյակում, Տիգրան Նաղդալյանի քառասունքի օրը և Նազարյանի նախաձեռնությամբ։ Ակնհայտ էր, որ նրան խուճապի էր մատնել իր անվանակցի սպանությունը, և նա որոշել էր հեռուստաասուլիսի միջոցով ապահովագրել իրեն։ Տիգրանն ուղղակի մեղադրում էր Հանրային հեռուստաընկերությանը՝ իրեն խաբեությամբ Ամերիկա ուղարկելու, ապա մոռացության մատնելու մեջ։ Նրա դժգոհությունը հատկապես Նաղդալյանից էր․ կես տարվա ընթացքում 1-2 անգամ էր կարողացել խոսել հետը։ Նա չէր գաղտնազերծել, թե ինչպես իրեն հեռացրին աշխատանքից և խորհուրդ տվեցին առաջիկա 10 տարին մոռանալ Հայաստանի ճանապարհը։

«Դու համագործակցե՞լ ես Ազգային անվտանգության մարմինների հետ, թե՞ ոչ» հարցին Տիգրանը պատասխանել էր․ «Դուք գիտեք, որ ես տարիներ շարունակ եղել եմ Հայաստանում «Հյուրիեթ» թերթի թղթակիցը․․․ Ես պատասխանեցի քո հարցին»։

Նաիրիի և իր զրույցի գաղտնալսման մասին պատասխանը չափազանց ուշագրավ է․ «Ես վստահ եմ, որ ձայնագրությունը, ներքին ցանցն աշխատում էր, որքան էլ զարմանալի էր, նրանք չէին պահանջել, որ ցանցն անջատվեր»։ Կարևոր է նաև, որ, խուսափելով անուններ տալուց, նա, այնուամենայնիվ, հստակ մատնանշում է Ազգային անվտանգության երկու աշխատակիցների, որոնք ահաբեկել են իրեն՝ Վահան Մանուկյան և գնդապետ Մելքոնյան։ Նա նաև հարկ էր համարել ընդգծել, որ Տիգրան Նաղդալյանը և «լարված և վախեցած» Ալեքսան Հարությունյանն առնվազն դեմ են եղել, որ ինքը վերադառնա Հայաստան։

Ահաբեկչությունից հետո մոտ 2 ժամ Նաիրիի հետ զրուցած Տ

իգրան Նազարյանն իրականում հրաշալի հասկանում էր, թե ինչի համար է ինքը համարվում կարևորագույն վկա։ Օլեգ Յունոշևի միջնորդությամբ՝ նրա ասուլիսի ձայնագրությունն այն ժամանակ ներկայացվեց «27»-ի դատավարությանը։ Հետաքրքիր է նաև, որ «եթե ձեզ ահաբեկողներն ընդդիմությունից լինեին՝ կասեիք չէ՞» հարցին ի պատասխան, Տիգրան Նազարյանը համաձայնելով՝ ծիծաղել էր։ Տիգրան Նազարյանի այդ ասուլիսն ավելի ինքնապաշտպանական էր և նպատակ չուներ «27»-ի վերաբերյալ իր տիրապետած ինֆորմացիան բացահայտել, թեև ակնարկների մակարդակով բացահայտումներ այդ ասուլիսում կան, որոնցից ամենակարևորը, իհարկե, Նաիրիի և Ռոբերտ Քոչարյանի առանձնազրույցի ձայնագրման հավանականության դրվագն է։

Մոտալուտ մահվան սպասումը, ըստ ամենայնի, Տիգրան Նազարյանին վերջապես ազատել էր «27»-ից հետո իրեն չլքած բոլոր վախերից և «լռելու ուխտից»։ Չի բացառվում նաև, որ նա սկսել էր ուրիշ կերպ նայել կատարվածին՝ ի վերջո, ոճրագործության բոլոր «նպատակները» հօդս ցնդեցին, և մնաց միայն երկգլխանի ռեժիմը, որի լծից մեր ժողովուրդը ոչ մի կերպ չի կարողանում ազատագրվել։ ԿԳԲ-ի փորձառությունը նրան հուշել էր, թե ինչ եղանակով կարող է տեղ հասցնել այն բոլոր պատասխանները, որոնք չհնչեցին ասուլիսի ժամանակ և որոնք մնացել էին առկախված։ Չապավինելով գրառումներ ու նշումներ անելու բազմամյա սովորությանը՝ նա տեսաձայնագրել էր իր խոսքը և այն ապահով եղանակով ուղարկել Հայաստան։ Ամերիկյան մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Տիգրան Նազարյանը դատարանում չասած և ասուլիսին կեսբերան ակնարկած իր ամբողջ տեղեկատվությունը հանձնել է այդ տեսաժապավենին։ Թե ում է հասցեագրել Նազարյանն իր խոսքը և ում է այն վստահել՝ մենք չենք հրապարակում՝ մնալով պայմանավորվածության շրջանակներում։ Մեզ հաջողվել է ճշտել, սակայն, որոշ մանրամասներ, մասնավորապես այն, որ Նազարյանի բացահայտումները պարունակում են ուղղակի մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Ալիկ Հարությունյանի և էլի մի քանիսի հասցեին։ Տիգրան Նազարյանի տեսաուղերձը նույնիսկ վերնագրված է․ «Իմ վերջին և ուշացած հաղորդումը»», — գրում է Մարիամ Կոստանդյանը։

http://epress.am/2014/05/01/252836.html