Սեպտեմբերի 17-22-ն անցկացվելիք խոշոր զորավարժությամբ Բաքուն փորձում է որոշակի խաղաքարտեր կուտակել Պուտինի այցին ընդառաջ

Ադրբեջանը հայտարարել է խոշոր զորավարժության մասին, որը տեղի կունենա սեպտեմբերի 17-ից 22-ը եւ որում կներգրավվի 20 հազար զինծառայող, մի քանի հարյուր միավոր զինտեխնիկա եւ այլն: Զորավարժության առանձնահատկությունն այն է, որ դրանում «պայմանական հակառակորդ» եզրի փոխարեն անմիջականորեն նշվում է Հայաստանը, իսկ զորավարժության լեգենդը Արցախի տարածքում Հայաստանի ստորաբաժանումների «ջախջախումն» ու տարածքների «ազատագրումն» է:

Այդ իմաստով չկա անակնկալ ոչինչ: Շատերի դիտարկմամբ, Ադրբեջանն այդ զորավարժությամբ պատասխանում է Հայաստանում անցկացված Շանթ 2018 վարժանքին, որը ներառում էր ամբողջ պետական կառավարման համակարգը:

Հնարավոր է իհարկե, որ Բաքուն փորձում է պատասխանել, բայց մասշտաբային այդ վարժանքը կարող է ունենալ այլ, գուցե ավելի առարկայական եւ «օպերատիվ-անհրաժեշտություն» ենթադրող մոտիվներ: Օրինակ, սեպտեմբերի 25-ին ՌԴ նախագահ Պուտինի Ադրբեջան սպասվելիք այցը:

Սեպտեմբերի 1-ին Սոչիում էր Ալիեւը, որը Պուտինի հետ հանդիպման արդյունքում ստորագրեց մի շարք փաստաթղթեր: Բայց Ադրբեջանը թերեւս չստացավ առանցքայինը, որ ակնկալում է Ռուսաստանից՝ ապրիլյան պատերազմից հետո հաստատված ռազմա-քաղաքական բալանսի վերանայում, որը թույլ կտա շատ թե քիչ վերադառնալ արդյունավետ ռազմական դիվանագիտության, որը քառօրյայից հետո ըստ էության հայտնվել է փակուղում:

Սակայն Բաքուն դեռեւս 2016-ի ապրիլից հետո է ապարդյուն ջանք գործադրում այդ ուղղությամբ: Իրավիճակն Ադրբեջանի համար էլ ավելի է բարդացրել Հայաստանի թավշյա հեղափոխությունը: Դա է պատճառը, որ Ալիեւը փորձեց վայրկենապես օգտագործել Հայաստանի նոր իշխանությունը բռնապետություն ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի եւ Արփինե Հովհաննիսյանի փորձը: Ադրբեջանի նախագահի համար դա հույսի շող է, սակայն Եվրոպայում իհարկե, որովհետեւ Ռուսաստանի ուղղությամբ սեպտեմբերի 1-ին չստացվեց ոչինչ՝ Պուտինը բավական շատ տվեց տնտեսական նվերներ, թեեւ առայժմ միայն հուշագրի տեսքով, սակայն չտվեց այն, ինչ ամենից շատ էր սպասում Ալիեւը: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը հիշեցնում էր, թե 5 միլիարդ դոլարի զենք են գնել Ռուսաստանից: Այդ զենքը գործնականում հենց ռազմա-քաղաքական աջակցությունն էր, որն այժմ չկա, համենայն դեպս այդ կամ դրան մոտ ծավալով:

Թե ինչու չկա, պատճառները բազմաթիվ են: Ռուսաստանը առավել եւս ներկայում, երբ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն-իշխանափոխությունը, չի կարող իրեն թույլ տալ գնալ ռազմա-քաղաքական բալանսի խախտման տանող քայլերի, քանի որ դա կարող է պարզապես արժենալ խոշոր պարտություն Կովկասում: Մյուս կողմից, Ռուսաստանն ավելի խոշոր խաղում է պարտության մեծ ռիսկերի առաջ, եւ այդ իմաստով էլ չի կարող գնալ Հայաստանում իրավիճակի հետ էական հակադրման, դա կարագացնի արդեն ավելի լայն խաղում պարտությունը: Ավելին, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում եւ ըստ այդմ նաեւ կարող է զարգանալ հայ-ռուսական հարաբերության ուղղությամբ, Ռուսաստանի համար ավելի խոշոր խաղում շատ թե քիչ միջազգային լեգիտիմության բացառիկ հնարավորություն է, այն դեպքում, երբ Ռուսաստանը կորցնում է իր աշխարհքաղաքական հնարավորությունները:

Հայաստանում վերափոխումները փակուղուց որոշակիորեն դուրս գալու ռազմավարական հեռանկարի հնարավորություն են Ռուսաստանի համար, մինչդեռ Ադրբեջանը Ռուսաստանին առաջարկում է մի բան, որը Բաքվին դուրս կբերի փակուղուց եւ անդառնալի կխորացնի ՌԴ փակուղին:

Այդ իրավիճակում, Բաքվի համար կա եւս մի խնդիր: Ռազմական դիվանագիտության փակուղին ստեղծել է մի վիճակ, երբ Ադրբեջանը ռազմավարական առումով կորցնում է իր ռազմա-քաղաքական սուբյեկտությունը եւ մնում բացառապես իբրեւ նավթա-գազամուղ: Այդ համատեքստում պատահական չէ, որ Կասպիցի շուրջ համաձայնությունից հետո Բաքուն փորձեց հրապարակ նետել ՀԱՊԿ անդամության թեման: Դրան հաջորդել է Երեւանի կոշտ հակադարձումը, որ Հայաստանը դա թույլ չի տա:

Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումը եւ խոշոր հաշվով դրա համատեքստում արված հայտարարությունը հուշում է, որ Ռուսաստանը չի դրել Հայաստանին համոզելու խնդիր: Հայաստանի ինքնիշխանության կարեւոր քաղաքական նշանակությունը ժամանակի ընթացքում Մոսկվայում անխուսափելիորեն գիտակցվելու է որպես մի շարք պետությունների, այդ թվում Ադրբեջանի հանդեպ որոշակի առավելության գործուն հնարավորություն:

Սեպտեմբերի 17-22-ն անցկացվելիք խոշոր զորավարժությամբ Բաքուն փորձում է որոշակի խաղաքարտեր կուտակել Պուտինի այցին ընդառաջ, այդ պատճառով է զորավարժությանը հստակեցվել Հայաստան անունը: Առավել եւս, որ Հայաստան անունը կարող է հայտնվել Սիրիայում՝ Մերձավորարեւելյան հանգույցում, որտեղ տեղի է ունենում նոր աշխարհակարգի մոդելավորման խորքային ու բարդ գործընթաց: Դրանում մարդասիրական բաղադրիչի շրջանակում Հայաստանի դրոշի առկայությունն անկասկած կունենա իր էական ազդեցությունը ավելի լայն աշխարհքաղաքական շրջանակով, ինչն անկասկած առաջին հերթին պետք է անհանգստացներ Ադրբեջանին:

Թեեւ Բաքուն պետք է որ ունենա նաեւ անհանգստության մեկ այլ պատճառ, ու բավական ծանրակշիռ: Դա նախորդ խոշորամասշտաբ զորավարժության կիսատ մնալն էր, էլեկտրականության անջատման պատճառով, ինչը Մինգեչաուր ՀԷԿ վթարի հետեւանք էր: Դրա հետեւանքով հոսանքազրկվել էր Ադրբեջանի գրեթե կեսը, այդ թվում մայրաքաղաք Բաքուն: Ըստ երեւույթին, նոր զորավարժությամբ Ադրբեջանի նախագահը փորձում է ստուգել ոչ այնքան բանակի մարտունակությունը, որքան Մինգեչաուր ՀԷԿ հոսանքի վահանակի ամրությունը, արդյոք այն թույլ կտա գոնե զորավարժության մակարդակում հաղթել հայերին:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am