Բաց նամակ Էդվարդ Շարմազանովին

Սամվել Խալատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բաց նամակ Էդվարդ Շարմազանովին

Պարոն Շարմազանով.

վերջին ամիսներին խուսափել եմ Հանրապետական կուսակցության կամ հանրապետականների մասին որևէ բան գրել, որովհետև, ինքնավերլուծության ու ինքնադատափետման ապրումների մեջ էի: Մեղսավորության զգացումն ու այս մտքերը ունեցել եմ դեռ թավշյա հեղափոխությունից էլ շատ առաջ, իսկ հեղափոխությունից հետո և, մանավանդ՝ հանրածանոթ բացահայտումներից հետո, առավել քան համոզվել եմ դրանցում:

Դուք ինձ օգնեցիք դուրս գալու մեղսավորի այդ վիճակից, շնորհակալ եմ: Ձեր (և ոչ միայն ձեր) պարբերաբար հնչող ելույթների բնույթը ինձ ստիպեց գրել այս նամակը, քանի որ շատերին թվում է, թե նրանք, ովքեր աշխատել կամ շարունակում են դեռ աշխատել պետական հիմնարկներում և ժամանակին ստիպված կամ աշխատանքը չկորցնելու մտահոգությամբ, ստիպողաբար, ընդգրկվել են ՀՀԿ-ի շարքերը և հիմա լռում են, ուրեմն համաձայն են ձեր հետ և սպասողական վիճակում են, թե շուտով ՀՀԿ-ն ռևանշի է գնալու և հաղթելու է, կամ հեղափոխությունն է ձախողվելու…

Այսինքն, իմ և իմ նմանները՝ հազարավոր մանկավարժներ, բուժաշխատողներ, մշակույթի և արվեստի մարդիկ, որոնք հանրապետական են եղել և դեռ լռում են, ուրեմն պորտալարը չեն կտրել ՀՀԿ-ից և հարմարվողական մարաղ են մտել, թե ուր որ է իշխանությունը կփոխվի և «մերոնք» ետ կգան: Մինչդեռ, դա այդպես չէ: Սոսկ մեղսավորության զգացումն է ստիպում լռելու, քանզի, հանրապետականի պիտակը անկարողություն և հոգեբանական վեհերոտություն է ծնում՝ համարձակություն չտալով բարձրաձայնել, որ իրենք երբևէ մոտ չեն եղել ՀՀԿ էլիտայի կերակրատաշտին, որ (որքան էլ վիրավորական է դա խոստովանելը) իրենց պարզապես բանեցրել են ընտրություններին ձայն տալու-բերելու համար, իսկ այժմ ակամա դարձել են testes muti:

Քաջ գիտակցելով, որ երդվյալ հանրապետականներդ և թավշյա հեղափոխության ակտիվիստ-կողմնակիցներից ոմանք, իմ այս հրապարակումը իմ դեմ են շահարկելու, չեմ կարող չասել, որ նմաններս դեռ էն գլխից հիացած չենք եղել ՀՀԿ-ով և լիովին ողջունում ենք հեղափոխությունը, պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով ծառայելու ներկայիս կառավարությանն ու վերջապես ազատորեն միակամ դարձած մեր ժողովրդին: Եթե ես, լինելով հանրապետական, սասանել եմ իմ հեղինակությունը, ապա՝ մտավորականիս պարտքը իմ ժողովրդի առջև, խղճիս առջև՝ անսասան է:
Ես չեմ ցանկանում թվարկել այն հակաժողովրդական, անմարդկային բազմաթիվ երևույթները որոնք կային ու ծաղկում էին ՀՀԿ-ի իշխանության օրոք: Դրանք հանրահայտ են:

Ինձ հետաքրքրում է մի բան. մի՞թե դուք չեք գիտակցում, որ ՀՀԿ-ի վերակենդանացման հույսերն ապարդյուն են: Ոչ ոք, այլևս ոչ ոք չի ցանկանա ապրել անարդարության, բանդիտիզմի, թայֆայության, ընտրակեղծիքի, կոռուպցիայի և գողապետության երկրում: Ժողովուրդն անդառնալիորեն ընտրել է իր ճակատագիրը, իր տեսլականների իրականացման հնարն ու ճանապարը: Թող որ այդ ճանապարը դժվարին է լինելու, մաքառելու ենք: Բայց գոնե գիտենք, թե՝ հանուն ինչի: Ինչու՞ եք մութ խութեր ստեղծում այդ ճանապարհին: Մի՞թե չեք գիտակցում, որ ամենաարդարադատ ու ամենաահեղ դատարանն այն է, երբ ժողովուրդն է դատավորը: Ապաշխարելու փոխարեն ինչո՞ւ եք ձեզ գամում մեղադրյալի աթոռին: Ձեզ թվում է, թե ընտրություններին ժողովուրդը վստահելու է՞ ձեզ…

Այն ինչ գրեցի, դարձի բերելու համար չէ, ես այդ հավակնությունը չունեմ: Պարզապես իմացեք, որ ձեր և ոչ մի խոսքն ու ելույթը հավանության չեն արժանանում մարդկանց կողմից, բացառությամբ, թերևս, նրանց, ովքեր դեռ նավապետ են իրենց երևակայում՝ բարոյապես խորտակված նավի վրա: