ՀՀԿ-ն «սպիտակաների» ու «սևերի» հակադրության ֆոնին ․․․․․

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղադասրյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փաստացի հաստատել է, որ ՀՀԿ-ն մասնակցելու է առաջիկա արտահերթ ընտրություններին։ Ուշագրավ է, որ մինչ այս պահը նույն Բաղդասրյանը խուսափողական պատասխաններ էր տալիս այս հարցին, ու ՀՀԿ խմբակցության ղեկավարի շեշտադրումները փաստորեն հաստատակամ դարձան այն բանից հետո, երբ նախօրեին խորհրդարանը երկրորդ անգամ մերժեց ԸՕ փոփոխությունները։ Ընդ որում Բաղդասարյանը բավականին հավակնոտ հայտարարություն է արել՝ ասելով, թե չի կարծում, որ միայն անցողիկ լինելու համար պետք է պայքարեն։

Դժվար չէ նկատել կապը ռեյտինգային ընտրակարգի պահպանման ու ՀՀԿ, ըստ էության վերջնական որոշման միջև։ Ինչքան էլ փաստենք այն հանրահայտ իրողությունը, որ ռեյտինգային համակարգը հիմնականում բոնուս է իշխանության համար, այնուամենայնիվ՝ այն ընտրական մեխանիզմ է, որ նախատեսված է քրեաօլիգարխիայի համար ու ենթադրում է որոշակի համակարգի առկայություն։ ՀՀԿ-ն՝ անկախ իր բոլոր կորուստներից, շարունակում է մնալ համակարգ, իհարկե՝ սահմանափակ հնարավորություններով ու ռեսուրսներով։ Ռեյտինգային ընտրակարգն, այնուամենյնիվ, մնում է միակը, որի պարագայում ՀՀԿ-ն ուղղակիորեն չի առերսվում հասարակության հետ՝ հնարավորություն ստանալով քողարկվել որոշակի հեղինակություն ունեցող անձանց հետևում։

ՀՀԿ մասնակցությունն առաջիկա ընտրություններին հակասական տպավորություններ է ստեղծում։ Մի կողմից՝ երբեմնի կառավարող կուսակցության ներսում կա որոշակի կադրային պոտեցնիալ, որի դուրս մնալը քաղաքական գործընթացներից, մեղմ ասած, շռայլություն կլինի քաղաքական համակարգի համար, մյուս կողմից՝ առանց արդիականացման ՀՀԿ-ն ավելի շատ խորհրդանշում է ոչ թե ընդդիմադիր կուսակցություն, այլ՝ նախկին համակարգի ուրվական։

Գործնականում ՀՀԿ-ի մասնակցությունն առաջիկա ընտրություններին ամենից շատ ձեռնտու է հենց Նիկոլ Փաշինյանի թիմին, որը հնարավորություն է ստանում կրկին խաղարկել «սպիտակների» ու «սևերի» հակադրության պարզունակ բանաձևն ու իր շուրջ կոնսոլիդացնել հասարակությանը՝ նրան վախեցնելով ռևաշի վտանգով։

Ընտրարաշավին ՀՀԿ-ի մասնակցությունը մասամբ ձեռնտու է նաև ԲՀԿ-ին, որովհետև այդ կուսակցությունը կազատվի հակահեղափոխական որակվելու բավականին իրական ռիսկից ու կարող է համեմատաբար հանգիստ քարոզարաշավի միջոցով որոշակի ներկայություն ապահովել ապագա խորհրդարանում։

Ընդհակառակը՝ ՀՀԿ-ի մասնակցությունը շատ բացասական ազդակ է այն կուսակցութոյւնների ու դաշինքների համար, որոնք այս ընտրարաշավի ժամանակ հավակնում էին զբաղեցնել դեմոկրատական ընդդիմության կամ այլընտարանքի դերը։ Օրինակ՝ ակնհայտ է, որ բավականին փոքրանում է «Լույս» դաշինքի կամ ՀԱԿ-ի մանևրելու հնարավորությունը։ «Սպիտակաների» ու «սևերի» հակադրության ֆոնին այս քաղաքական ուժերի դասական ընդդիմախոսությունը խլացվելու է հեղափոխականների ու հակահեղափոխականների ամբոխավարության ու պոպուլիզմի հորձանատում։ Սա իրավիճակ է, որը բացահայտ ֆավորիտ է դարձնում Նիկոլ Փաշինյանի թիմին, միևնույն ժամանակ՝ հնարավորություն ընձեռելով ՀՀԿ-ին՝ սահմանափակ ներկայություն ունենալ խորհրդարանում։ Համենայն դեպս, դասական ընտրարաշավի պարագայում ՀՀԿ-ն զրկված է անգամ տեսական հնարավորություններից։

Մյուս կողմից՝ պոտեցիալ ունեցող քաղաքական ուժերի մի մասը հայտնվելու է խորհրդարանից դուրս, ինչը հեղափոխական տրամադրությունների նահանջից հետո թուլացնելու է նորընտիր ԱԺ-ի քաղաքական լեգիտիմությունը՝ հատկապես, որ ռեյտինգային ընտրակարգը հնարավոր չի դարձնելու ամբողջովին քաղաքական ԱԺ ձևավորումը։

Բայց սա է իրականությունը, որն, ըստ էության, հիմք չի տալու պնդել, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները վերջակետ են դնելու քաղաքական ճգնաժամին կամ ամբողջովին կապիտալիզացնելու են հեղափոխության արդյունքները։

Աղբյուր՝ 1in.am