Շաբաթ օրը Մելիք–Ադամյան փողոցը հիշեցնում էր «հին ու բարի» ժամանակները. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Մելիք–Ադամյան փողոցը հիշեցնում էր «հին ու բարի» ժամանակները, երբ ՀՀԿ–ի կենտրոնական գրասենյակի դիմաց կայանված մեքենաների քանակը մի կողմից դանդաղեցնում էր երթեւեկությունն այդ մասում, մյուս կողմից՝ աչք էին ծակում մեքենաների մակնիշների առատությունն ու ճոխությունը:

Պաշտոնական որեւէ տեղեկություն չկա, թե ինչ էր այդ օրը տեղի ունենում ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, սակայն եղած ինֆորմացիան էլ բավարար է գուշակելու, որ ՀՀԿ–ն պատրաստվում է ընտրությունների, իսկ մեքենաների առատությունը հուշում էր, որ պատրաստվում են հանրապետականները հատկապես ռեյտինգային ընտրակարգով ընտրությունների:

Ինչքան էլ որ քարոզչական ընկալումների, մեդիադաշտի ու քաղաքական հռետորաբանության մակարդակում կա քիչ թե շատ ընդհանուր կոմպրոմիս առ այն, որ ՀՀԿ–ն վերջնականապես սպառել է իրեն ու ընդհանրապես էլ որեւէ անելիք չունի, իրավիճակի առավել խորը վերլուծությունը, հատկապես ռեյտինգային ընտրակարգի պրիզմայով, այլ բան է ցույց տալիս: Այլ բան ասելով նկատի չունենք ՀՀԿ–ի հնարավոր ռեւանշը: Այդ ռեւանշն անհնար է այս պահին առկա բոլոր սցենարներով ու բոլոր ընտրակարգերի դեպքում: Խոսքն այն մասին է, որ չնայած առաջին հայացքից ապրիլ–մայիսյան դեպքերը, դրանց հաջորդած զարգացումները հասարակական ընկալումները հողին են հավասարեցրել հանրապետականների քաղաքական հեռանկարը, սակայն գործնական մակարդակում եթե ոչ ռեւանշի, ապա ռեինկառնացիայի շանսեր կան:

Հանրապետականների կարկառուն դեմքերը վերջին օրերին, հատկապես Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ հաճախ էին մատնանշում իրենց կուսակցությունից «զորացրված» ռեյտինգային «հսկաներին»՝ նրանց դասալքությունը ներկայացնելով որպես փաստարկ առ այն, որ իրենց նպատակը ռեյտինգային ընտրակարգի պահպանումը չէ, քանի որ այդ ընտրակարգի իրենց առաջամարտիկները այլեւս լքել են շարքերը ու ամենայն հավանականությամբ այժմ էլ այլ շարքեր են համալրելու: Իրականում, սակայն, Հանրապետական կուսակցությունն այս փուլում ռեյտինգային համակարգը առավել քան կարեւոր է համարում, ինչքան էլ որ առաջամարտիկների դասալքության մասին մեջբերումները իրականությանը համապատասխանում են:

Բանն այն է, որ առաջամարտիկներից բացի ռեյտինգային ընտրակարգում կան նաեւ, այսպես կոչված, երկրորդ գծի, թիկունքի մարտիկներ, որոնք ի տարբերություն կորցնելու բան ունեցող ռեյտինգային–առաջամարտիկների, ոչ բոլորն են լքել կուսակցությունը: Ավելին, եթե պայմանական առաջամարտիկները լքել են, որովհետեւ ունեն կորցնելու բան կամ գոնե ունեն գնալու այլ տեղ, ապա բազմաթիվ հանրապետականներ թե՛ համամասնական ցուցակից, թե՛ մարզային կառույցներից որեւէ տեղ չեն հեռացել, որովհետեւ հեռանալու տեղ, ըստ էության, չունեն:

Հենց սա է հանրապետականների՝ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված հաշվարկը: Ոչ թե հասնել ռեւանշի, այլ ռեինկառնացիայի, ոչ թե հենվել կուսակցական շարքերը լքած խոշոր սեփականատերերի, այլ նախկինում ռեյտինգային ցուցակների երկրորդ, երրորդ, չորրորդ համարները ներկայացնողների, ինչպես նաեւ տեղերում որոշակի պաշտոններ զբաղեցրածների, նրանց վրա, որոնք պահպանում են որոշակի իմիջ եւ կապեր:

Գերակա տեղեկատվական ֆոնին այս նրբությունները մնում են աննկատ: Ավելին, իրենք՝ հանրապետականներն են թաքցնում այդ նրբությունները՝ զորացրված ռեյտինգայինների փաստարկը շրջանառելով ու իբրեւ թե ռեյտինգային համակարգի հարցում իրենց անաչառությունը ցույց տալով:

Թե ՀՀԿ–ի մահվան, թե ՀՀԿ–ի ռեւանշի մասին զրույցները, ըստ էության, չափազանցված են: Ավելի իրատեսական է պնդել, որ ՀՀԿ–ն պարզապես փորձում է մնալ քաղաքական դաշտում եւ այդ նպատակին հասնելու համար գործի է դնելու ձեռքի տակ եղած ու կիրառելի բոլոր ռեսուրսները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում