Ռ. Քոչարյանը ի՞նչ հայտարարություն է արել դատարանում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում քաղաքական հայտարարություններ չի արել, նրա հայտարարություններն իր գործի մասին են: Այս մասին այսօր լարգրողներին ասաց Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը: Օրբելյանն ասաց, որ Քոչարյանն այսօր դատարանում ելույթ է ունեցել:0

«Բոլոր ելույթները գործի մասին են, քաղաքական հայտարարություն չի արել: Իհարկե, միշտ էլ հնարավոր է իրավական դիրքորոշումները քաղաքական, իսկ քաղաքական դիրքորոշումները՝ իրավական լույսի ներքո, բայց խոսքը գնում է հենց կոնկրետ իրավական կարծիքի մասին՝ կապված հենց գործի հետ»,- ասաց փաստաբանը:

Օրբելյանի խոսքով՝ այսօրվա նիստում շարունակվել է պաշտպանների բողոքների նեկայացումը:

«Կարելի է ասել՝ ըստ էության ավարտվել է պաշտպանների բողոքների ներկայացումը:Հիմա պետք է անցնենք արդեն դատախազների համապատասխան առարկություններին, որից հետո արդեն կքննարկվեն մնացած հարցերը»,- ասաց նա:

Հարցին, թե գործը քննելու հարցով դատարանի կողմից շտապողականություն նկատվո՞ւմ է, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Դատերն ամեն օր իրար վրա են դրվում՝ չնայած կա գործերի ծանրաբեռնվածություն դատարանում: Թե դա զուտ շտապողականություն է, թե գործի առանձնահատկությունն է, թե այլ հանգամանքներ են, կդժվարանամ մեկնաբանել»:

Նա նաև հավելեց, որ առկա և իրավական, և փաստական, և վերլուծական նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ իրենց համար դրական արդյունք պետք է լինի: