Ընտրության ընթացքում արձանագրած խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն

«Ականատես» դիտորդական առաքելությունն այսօր հրավիարծ ասուլիսում ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրություններում իրենց դիտորդական առաքելության արդյունքները:
«Թրանսփարենի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանն ասաց, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ ազատ ու մրցակցային ընտրություններ կայացան Հայաստանում: Նա ասաց, որ իրենց ուսումնասիրությունները փաստում են՝ Հայաստանում ընտրություններն անցկացվել են խաղաղ պայմաններում: «Կարող ենք ասել, որ դրանք արտահայտում են ժողովրդի կարծիքը: Մենք ունենալու ենք ներկայացուցչական խորհրդարան»,- ասաց Այվազյանը:

«Ականատես»-ը դիտորդական առաքելություն է իրականացրել հանրապետության ընտրատեղամասերից 300-ում: Արձանագրել են, որ չնայած տեղ-տեղ նկատվել են առանձին միջադեպեր, բայց ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են խաղաղ: «Դիտարկելով այդ 300 ընտրատեղամասերը՝ մենք կարող ենք ասել, որ դրանք ներկայացնում են Հայաստանի ամբողջական պատկերը»,- նշեց նա:

Ընտրատեղամասերի 96 տոկոսում կահավորումն ապահովել է քվեարկության գաղտնիությունը, միայն 4 տոկոսում եղել են փոքր խնդիրներ: Դիտորդների արձանագրած ամենամեծ խախտումներն այն էր, որ ընտրատեղամասերի 48 տոկոսը հասանելի չեն եղել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց: Տեղամասային հանձնաժողովների անդամները մեծամասամբ հետևել են սահմանված ընթացակարգերին, թեև հանձնաժողովների աշխատանքները ոչ միշտ են անցել սահուն:

Քվեարկության սենյակի ներսում գտնվող կողմնակի անձնաց ներկայություն գրանցվել է  բավական քիչ թվով տեղամասերում, 17 տոկոսում ընտրողների գրանցամատյանում անձանց անվան դիմաց եղել է այլ անձի ստորագրություն, 27 տոկոս դեպքերում որոշ ընտրողների անուններ գրանցված չեն եղել սարքավորումներում: Առանց պատշաճ նույնականացման քարտի քվեարկություն չի արձանագրվել մեր դիտորդների կողմից»,- նշեց Սոնա Այվազյանը: Նրա խոսքով՝ տեղամասերից 21 տոկոսում արձանագրվել է բաց քվեարկության դեպք, ընտանիքով քվեարկելը Հայաստանում շատ տարածված է, և գրանցվել է 24 տոկոսում: Ուղղորդված քվեարկություն նկատվել է ընտրատեղամասերի 6 տոկոսում: Տեղամասերի 2 տոկոսը փակվել են ժամանակից շուտ, իսկ 4 տոկոսը՝ ուշ:

Ինչ վերաբերում է արդյունքների ամփոփմանը, Սոնա Այվազյանն ասաց, որ դա տեղի է ունեցել ընդհանուր առմամբ սահմանված կարգի համաձայն: Միայն տեղամասերի 2.82 տոկոսում եղել է ամփոփման ընթացակարգի խախտումներ, իսկ հաշվարկի ընթացակարգի խախտումներ գրանցվել են տեղամասերի 6.34 տոկոսում:

Ընդհանուր առմամբ, քվեարկության ընթացքում դիտորդներն արձանագրել են 78 խախտում:
Դիտորդական առաքելության անդամ Գենյա Պետրոսյանը ներկայացրեց այդ խախտումները: Դրանք վերաբերում են կողմնակի անձանց ներկայությանն ընտրատեղամասերում, քվեարկության գաղտնիության խախտումներին: Բռնություն, սպառնալիք, ճնշում՝ 3 դեպք է արձանագրվել, կրկնակի քվեարկության 3 դեպք է գրանցվել, քննության ընթացում կպարզվի դրանց դիտավորության հանգամանքը: «Ընդհանուր առմամբ այդ օրն ստացվել է 107 ահազանգ, որոնցից առանձնացվել են մոտ 70 միջադեպեր, որոնցով Ականատես դիտորդական առաքելությունը պատրաստվում է դիմել վերադաս ընտրական հանձնաժողովներ և հետամուտ լինել արձանագրված խախտումներին»,- ասաց Գենյա Պետրոսյանը:

Աղբյուրը  Lragir.am