ՀՀԿ «դարաշրջանը» Հայաստանում թերեւս հնարավոր է համարել ավարտված:

Նիկոլ Փաշինյանին անակնկալ է սպասում դեկտեմբերի 9-ի գիշերը, հայտարարել էր ՀՀԿ փոխախագահ Արմեն Աշոտյանը խորհրդարանի ընտրության քարոզարշավի մեկնարկին: Նա չէր մանրամասնել, թե հատկապես ինչ անակնկալի մասին է խոսքը, բայց հաշվի առնելով այն, որ խոսակցությունը լրագրողների հետ եղել էր ընտրությանը ՀՀԿ հնարավոր արդյունքի եւ անցողիկ շեմը չհաղթահարելու վերաբերյալ, կուսակցության փոխնախագահն ըստ երեւույթին նկատի էր ունեցել հենց այն, որ ՀՀԿ-ն կհաղթահարի անցողիկ 5 տոկոսը:

Հանրապետականն իհարկե մոտ էր դրան, ու դրա համար արել էր նաեւ հնարավորն ու նույնիսկ անհնարը: ՀՀԿ-ն ձգտեց հնարավորինս բեւեռացնել ընտրության ընթացքը, թեկուզ հանրությանը առավելագույնս զայրացնելու գնով, որպեսզի ավելի մեծ մոբիլիզացիա ապահովի Նիկոլ Փաշինյանի շուրջ՝ ի հաշիվ հնարավոր այլ ուժերի ձայների:

Միեւնույն ժամանակ, ՀՀԿ-ն փորձել էր այս օրերի ընթացքում խնամքով թաքցնել Սերժ Սարգսյանին: Բացառիկ իրավիճակ էր, երբ կուսակցության առաջնորդը չի գլխավորում կուսակցության նախընտրական ցուցակը: Մյուս  կողմից, անշուշտ հարց է, թե արդյոք Սերժ Սարգսյանը այժմ ՀՀԿ իրական առաջնորդն է:

ՀՀԿ-ին մի քանի տասնորդական չբավականացրեց, որ հայտնվի խորհրդարանում: Մինչդեռ, եթե օրինակ Հանրապետականը չտապալեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, այժմ կլիներ անցողիկ շեմից այն կողմ, որովհետեւ այդ օրենսգրքով նախատեսվում էր, որ շեմը լինելու է 4 տոկոսը: Ի դեպ, նույնն է նաեւ ՀՅԴ համար: Օրենսգրքի փոփոխության երկրորդ փորձը տապալվեց գործնականում ՀՅԴ խմբակցության պատգամավորներից երկուսի բացակայության պատճառով, քանի որ չէր հերիքել ընդամենը երկու ձայն, թեեւ ՀՅԴ-ն հայտարարել էր, թե կողմ է քվեարկում:

Վերադառնալով ՀՀԿ-ին, թաքցնել Սերժ Սարգսյանին այդուհանդերձ չստացվեց, եւ ապրիլի 23-ից հետո գործնականում միայն Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առիթով այսպես ասած հանրային դաշտ դուրս եկած Սարգսյանը մեկ էլ այդ բանն արեց դեկտեմբերի 9-ին, արտահերթ ընտրության առիթով, ներկայանալով ընտրատեղամաս քվեարկության եւ գուցե ՀՀԿ համար «փչացնելով» ամեն ինչ:

Արդյոք Սերժ Սարգսյանը միամիտ էր ու չէր պատկերացնում, որ դրանով նա հանրությանը հիշեցնելու է իր մասին, դրանից բխող արձագանքով: Ի դեպ, եւս մի հետաքրքիր հանգամանք էր այն, որ քվեարկության առավոտյան ժամերին ընտրությունը մարդաշատ չէր: Սերժ Սարգսյանը մասնակցությու՞ն էր խթանում՝ իր մասնակցությամբ: Թե՞ ցրում էր գուցե որոշ հանրային խմբերի մոլորությունը, թե ՀՀԿ-ն կարող է ռեաբիլիտացվել կամ ՀՀԿ կա ընդհանրապես:

Այդ իմաստով, Սերժ Սարգսյանը կամա թե ակամա կնքեց թերեւս ՀՀԿ քաղաքական գոյության դարպասները, գալով ու ՀՀԿ կամ այդ ուժի ներսում մի խմբի համար գործնականում փչացնելով ամեն ինչ: Սարգսյանը փաստորեն եւս մեկ անգամ, բայց արդեն ոչ թե տեստքով, այլ քայլով ցույց տվեց, որ Նիկոլը ճիշտ էր՝ անակնկալ չստացվեց:

Այդպիսով, ՀՀԿ «դարաշրջանը» Հայաստանում թերեւս հնարավոր է համարել ավարտված: Թեեւ այստեղ իհարկե կա մի հանգամանք՝ եթե բացարձակ մեծամասնությամբ իշխող քաղաքական ուժն ինքը անակնկալ չմատուցի ՀՀԿ-ին ու չշարունակի իր գլխավոր քաղաքական մրցակից դիտարկել այդ ուժին, հանելով Սերժ Սարգսյանի դրած կնիքը:

Դեկտեմբերի 9-ից առաջ այդ թե մարտավարությունն էր հասկանալի, թե օբյեկտիվ իրողությունները, որոնցից բխում էր նաեւ մարտավարությունը: Դեկտեմբերի 10-ից հետո դա կսկսի լինել ավելի ու ավելի անհասկանալի: Հանրությունը տվեց իր գրեթե բացարձակ վստահությունը նոր իշխանությանն ամբողջապես, իրականացնելով դե յուրե իշխանափոխությունն ու այդպիսով ներդաշնակեցնլով դե յուրե եւ դե ֆակտո իրավիճակները:

Ըստ այդմ, դեկտեմբերի 10-ից հետո անհրաժեշտ է անցնել ներդաշնակ քաղաքականության, ինչը նշանակում է սահուն ընթացք դեպի առաջ, դեպի հանրային, քաղաքական եւ պետական կյանքի դինամիկ ինստիտուցիոնալացում: Այդ իմաստով կարեւոր է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հեղափոխությունը չի ավարտվել այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացել դրա նպտակները: Սա իհարկե կրում է որոշակի պայմանականություն կամ հարաբերականություն, բայց հեղափոխությունն այլեւս շարունակվում է գերազանցապես անբեկանելի պատասխանատվության տեսքով ու բնույթով, որ կրում է դրա համար հեղափոխական թիմը իր ձեւավորած նոր իշխանության՝ ժողովրդի առաջ:

Աղբյուրը lragir.am